ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Սոցիալական խռովության ուրվականը

Սոցիալական խռովության ուրվականը
17.01.2025 | 11:01

Մի ուրվական է շրջում երկրով և դա ամենևին էլ շեքսպիրյան Համլետի մոլագար երևակայության արդյունքը չէ։

Յուրաքանչյուր սթափ աչք կտեսնի, որ այն մարմին, սպառնալիք ու իրականություն է դառնում հենց իրական Հայաստանում։

Հարկերն ու տուրքերը միտում ունեն աճելու երկրաչափական պրոգրեսիայով։ Փետրվարին կթանկանա տրանսպորտը, փոքր և միջին բիզնեսը արդեն իսկ կանգնած է գնդակահարության պատի տակ, սրընթաց աճում են անշարժ գույքի հարկերն ու տուրքերը, կադաստրի գույքագրման վճարները։

Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական հարաբերությունների վատթարացման պատճառով Դամոկլյան սրի պես մեր գլխին կախված է էներգակիրների, գազի թանկացումը, պետական արտաքին առևտրի կրճատումը 70-80 տոկոսով։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյանների պատկերավոր լեզվով ասած Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կործանման գնացող Տիտանիկի տոմս գնել։

Բանն հասել է աբսուրդին` այլ երկրներից իրենց հարազատներին դրամական օգնության ձեռք մեկնած տրանսվերներից անգամ նախատեսվում է տոկոս գանձել։

Ստեղծվում է հարկային սարդոստայն. ոչ ոք չպիտի թպրտա, չպիտի լպտա, դրան է ծառայելու անհատատական հայտարարագրերի գործարկման համակարգը։

Մնում է գիշերը քնելու և առավոտյան զարթնելու պատրվակով մարդկանցից արթնության մաղարիչի հարկ գանձեն։

Ինչ խոսք, օդի հարկին սովորած իշխանավորները կարող են և շնչառության հարկ գանձել։

Հետո էլ ասում են, իսկական հերոսը հարկ տվողն ա և ոչ հայրենիքի սահմանին կանգնած կյանք տվողը։ Դե, եթե էդքան հարկ ու տուրքի տակ մարդը չի մեռնում` հերոս ա, բա ի՞նչ ա... Մինչդեռ, նա ընդամենը հարկման մատերիալ ա։

Դա նիկոլն իմացել է, իսկ մենք` կասկածել։

Բողոքի ալիքն առայժմ ժողովրդական զանգվածի ընդերքում է։ Այն հղի է ժայթքելու։ Ոչ ոք չգիտի, թե երբ գորշ լավան կհորդի։ Այն կպոռթկա հանկարծակի, անակնկալ...

Շարժումը կբերի իր շարժողին` լիդերին։ Դաշույնի շեղբը կշողա այնտեղ, որտեղից մտքներովս անգամ չէր անցնի:

Իշխանությունները, տակավին, կորցրել են իրականության զգացումը։ Դե, մի կողմից էլ ճար չունեն։

Տնտեսություն գրեթե գոյություն չունի, առավել ևս տնտեսվարություն։ Երկիրն ապրում էր ուրիշի դժբախռության հաշվին, այսինքն, ուկրաինական պատերազմի պատեհություններով, երբ մեր գլխի վրայով ոսկե սալիկներ էին թռցնում։ Շահը գնում էր վարչակազմի սիրելի օլիգարխի գրպանը, իսկ քափը` պետական բյուջե։

Հիմա դա էլ է կտրվում։

Մնում է ժողովրդի բորբոսնած կաշին։ Դանակ են սրում այն քերթելու համար։

14 միլիարդ դոլարին հասնող պետական արտաքին պարտք ունենք, որ պիտի մարվի։ Պետությունը կանգնած է կոլապսի առջև...

Խելք ունե՞ն, էս մարդիկ:

Դե, որ կարելի է անխելք ապրել` ինչու՞ խելքով ապրեն` ծանրացնելով ուղեղի պաշարը:

Ասենք, բանը խելքը չէ. մարդիկ ծրագիր են իրականացնում:

Ժողովուրդը չհասկացավ, ինչպե՞ս Արցախը կորցրեցինք, չի հասկանում, թե ինչպես երկրի սահմաններն են խուզվում, չի հասկանում նաև կեղծ խաղաղության գինը, մնում է հասկանա, թե ինչու է պետության երկաթյա ձեռքը մտնում իր գրպանը։

Սա պետական ռեկետ է, իրական գանձագողություն, երբ պետությունը դառնում է գրպանահատ, կամ էսպես ասած` ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ։

16.1.25 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 6415

Մեկնաբանություններ